HomeMap EnglishRussian
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է Շտեֆան Ֆյուլեին29.04.2011  

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գլխավորած պատվիրակությանը:


Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության Պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցեմբերգերը: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության առկա վիճակը և հետագա զարգացման հեռանկարները: Երկուստեք դրական է գնահատվել համագործակցության բարձր մակարդակը և հարաբերությունների արագ զարգացումը: Արթուր Բաղդասարյանը անդրադարձել է Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին` առանձնացնելով  մարդու իրավունքների, ժողովրդավարության և ոստիկանական համակարգի բարեփոխումները,  ազատության, արդարադատության և անվտանգության ոլորտում  իրականացվող աշխատանքները: ԱԱԽ քարտուղարը անդրադարձ է կատարել Արևելյան Ներդրումներ ծրագրին` ընդգծելով այդ ծրագրի կարևորությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական բարեփոխումների ճանապարհին և հետագա առավել սերտ փոխգործակցության հնարավորությունները: Արթուր Բաղդասարյանը իր գոհունակությունն է հայտնել Հայաստան-ԵՄ քաղաքական համագործակցության` ասոցացման համաձայնագրերի շուրջ բանակցությունների ընթացքի վերաբերյալ` շեշտելով համագործակցության հրապարակայնության կարևորությունը: Ընդգծվել է  Հայաստանում Եվրամիության տեղեկատվական կենտրոնների հիմնման կարևորությունը:Շտեֆան Ֆյուլեն բարձր է գնահատել ԱԱԽ-ի շրջանակներում գործող, եվրոպական կառույցների գործունեությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի գործունեությունը եվրաինտեգրման ճանապարհին Հայաստանի Հանրապետությունում կենսագործվող բարեփոխումների համատեքստում` նշելով, որ քաղաքական համակարգումը կարևոր հանգամանք է Եվրոպական հարևանության քաղաքականության ծրագրի իրականացման գործընթացում: Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել վերը նշված ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին, քանի որ դրանք մի շարք ուղղություններով լիովին համահունչ են Եվրոպական հարևանության քաղաքականության փիլիսոփայությանը: