HomeMap EnglishRussian
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
Արթուր Բաղդասարյան. «Անհրաժեշտ է արդիականացնել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգը:»04.05.2011  

Այսօր Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի գրասենյակում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի գործունեության դիտարկման արդյունքների վերաբերյալ խորհրդակցություն` ԱԱԽ աշխատակազմի և ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա էր նաև ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:


Իր խոսքում Արթուր Բաղդասարյանն անդրադարձել է մթնոլորտային երևույթների բացասական ազդեցությանը` ներկայացնելով մասնավորապես վերջին տարիներին կարկտահարության պատճառով տնտեսության կրած վնասը, որը 2009թ.-ին կազմել է 1,9 միլիարդ, իսկ 2010թ.-ին` 4,2 միլիարդ դրամ:

Ազգային անվտանգության խորհրդի քննարկումների արդյունքում մշակվել և ՀՀ Նախագահի կողմից 2010թ.-ին հավանության է արժանացել “Մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության հայեցակարգը”, որի հիման վրա պետք է մշակվի 2011-2015թթ. պետական ծրագիր` մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության` ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած գործուն համակարգի ստեղծման նպատակով: Այդ նպատակի կենսագործման համատեքստում կարևորվել է ոլորտի տեխնիկական բազայի արդիականացումը, չգործող ռադիոլոկացիոն կայանների վերազինումը և գործարկումը, ինչպես նաև միջազգային փորձի և պրակտիկայի կիրառումը: Կարևորվել է նաև համապատասխան որակյալ  կադրերի ապահովման հարցը: Այս կապակցությամբ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն առաջարկել է Ճգնաժամերի կառավարման ակադեմիայում կազմակերպել համապատասխան վերապատրաստման դասընթացներ և միջազգային փորձի ուսումնասիրությունների հիման վրա ներդնել կադրերի պատրաստման միասնական համակարգ:  

ԱԱԽ Ազգային անվտանգության ռազմավարության իրականացման վարչության պետ Ա. Թանանյանը ներկայացրել է հայեցակարգի դրույթների իրականացմանն ուղղված գործունեության արդյունավետության դիտարկման արդյունքները, որից հետո ԱԱԽ-ում անցկացված նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես է եկել ՀՀ ԱԻՆ-ի ներկայացուցիչը` նշելով, որ ԱԱԽ-ի աշխատակազմի հետ քննարկումները մշտապես անցնում են կառուցողական մթնոլորտում:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը կարևորել է դիտարկման արդյունքները, և պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա քայլեր ձեռնարկել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի զարգացման ուղղությամբ ` նպատակ ունենալով մինչև տարեվերջ ավարտին հասցնել դիտարկումների իրականացումը: