HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Մամուլի ասուլիսներ
Արթուր Բաղդասարյանն ամփոփեց 2012թ. Ազգային անվտանգության խորհրդի գործունեությունը11.01.2013  

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը 2013թ. հունվարի 11-ին ամփոփեց 2012թ. կատարված աշխատանքները, խոսեց մոտ ապագայում իրականացվելիք նոր նախագծերի մասին:


2012-ը, ըստ Արթուր Բաղդասարյանի, լարված աշխատանքի տարի էր, որի ընթացքում խորհրդի կողմից կամ ակտիվ մասնակցությամբ ընդունվել են մի շարք կարեւոր որոշումներ եւ փաստաթղթեր՝ կապված մասնավորապես Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի, ՀԱՊԿ <<Փոխգործակցություն-2012>> շրջանակում համատեղ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքների եւ մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության մշակման հետ։

    Հանրապետության էներգետիկ եւ տրանսպորտային անվտանգության, մաքսային վարչարարության եւ մի շարք այլ ոլորտների վերաբերող 7 փաստաթուղթ էլ ավարտական փուլում է։

Անցած տարի ԱԱԽ աշխատակազմի համակարգման ներքո գործել են շուրջ 40 միջգերատեսչական աշխատանքային խմբեր, որոնց կողմից մի քանի կարեւորագույն ուղղություններով մշակվել են մեր երկրի ռազմավարական զարգացմանն ու անվտանգության ապահովմանն առնչվող կարեւորագույն փաստաթղթեր։ Դրանց մի մասը հավանության է արժանացել ԱԱԽ նիստերում եւ հաստատվել ՀՀ նախագահի կողմից։

ՀայաստանԵվրամիություն

Արթուր Բաղդասարյանը այդ փաստաթղթերից նախեւառաջ առանձնացրեց 2012-2013թթ. ՀՀ-ԵՄ գործողությունների նոր ծրագիրը, որը ենթադրում է 164 ուղղություններով Հայաստանում բարեփոխումների խորացում։ Ծրագիրն արդեն 75 տոկոսով կատարված է եւ թույլ է տալիս փուլ առ փուլ հասնելու ակնկալվող արդյունքներին։

Բացի ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրից, փաստաթղթերի շարքում են նաեւ ՀՀ ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը, <<Փոխգործակցություն-2012>> ՀԱՊԿ համատեղ զորավարժության ՀՀ ԶՈՒ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության նախապատրաստումը, մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը եւ այլն։

Առաջիկայում Հայաստանում կձեւավորվի մարդու իրավունքների հարցերով դիտարկում իրականացնող միջգերատեսչական հանձնաժողով, որը չխոչընդոտելով ՄԻՊի գործունեությունը՝ ուշադրությամբ կհետեւի ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության հիմնախնդիրներին։ Այժմ սպասվում է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագիրը դրա ձեւավորման առնչությամբ։

Շարունակելով ՀՀ-ԵՄ համագործակցության թեման՝ Ա. Բաղդասարյանը նշեց, որ այն զարգանում է 3 ուղղություններով. քաղաքական համագործակցություն, արդարադատության ոլորտում երկկողմ համագործակցություն, ինչպես նաեւ խոր եւ համապարփակ առեւտրի համաձայնագրի շրջանակներում համագործակցություն։

 Ինչ վերաբերում է քաղաքական համագործակցությանը, ապա ԵՄ հետ քաղաքական համագործակցության արդյունքում իրականացված բարեփոխումները նախադրյալներ են ստեղծում, որ մեր երկիրը արդեն 2013թ. վերջին <<մոտենա ԵՄ հետ քաղաքական ասոցացման պայմանագրի ստորագրմանը>>։

Դա քաղաքական համագործակցության բարձր օրինակ է, որը խոսում է հարաբերությունների մեկ աստիճանով ավելի բարձրացման մասին։

Այդքանով հանդերձ, դեռ <<կան բազմաթիվ մարտահրավերներ, որոնց վերհանման, գնահատման եւ հաղթահարման առումով իրականացվում է բավական լուրջ աշխատանք>>։

Արդյունավետ համագործակցությունը խորանում է արդարադատության ոլորտում։ 2013 թվականի ավարտին ՀՀ-ում կստեղծվի պրոբացիոն ծառայություն, որին զուգահեռ կմշակվի այլընտրանքային պատիժների կիրառման նորացված մոդելը, այն հնարավորություն կտա մարդկանց ազատազրկման չդատապարտել հանրության համար նվազ վտանգ ներկայացնող արարքների համար։ Տվյալ անձը քաղաքակիրթ ձևով կպահվի պետության վարչական վերահսկողության ներքո, կհսկվի նրա տեղաշարժը։ Սրա միջոցով կբեռանաթափվեն ՀՀ ուղղիչ հաստատությունները, եւ քաղաքակիրթ այլընտրանքային պատժի համակարգ կներդրվի մեր երկրում։

Խոր եւ համապարփակ ազատ առեւտրին վերաբերող դրական փոփոխությունը ԵՄ արտոնությունների ընդհանուր համակարգի (GSP+) ներդրումն է, որով Հայաստանի տնտեսավարող սուբյեկտները մի շարք ապրանքներ կարող են 0-ական կամ նվազեցված մաքսային վճարներով արտահանել ԵՄ անդամ երկրներ։

Եվրոպական հարեւանության շրջանակում արձանագրված հաջողություններից Ա.Բաղդասարյանն առանձնացրեց վիզաների դյուրացման ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:  2013թ-ից եվրոպական 20 երկրներ ՀՀ 16 խումբ քաղաքացիների համար մուտքը կհեշտացվի. ԵՄ-ն սահմանել է արտոնյալ ռեժիմ այդ քաղաքացիների համար։ Այսուհետեւ եվրոպական մի շարք երկրներ մեկնելը ավելի հասանելի կլինի լրագրողների, մարզիկների, ուսանողների, գիտնականների, արվեստի գործիչների եւ այլոց համար։

«Սա երկարատեւ աշխատանքի արդյունք է, բայց իսկապես հնարավորություն կտա մեր քաղաքացիներին, որպեսզի էլ օրերով ու ժամերով չկանգնեն դեսպանատների դռների առջեւ>>,–նշեց Ա. Բաղդասարյանն ու տեղեկացրեց նաեւ, որ նախկինում վճարվելիք 60 եվրոյի փոխարեն այս խմբերի քաղաքացիները այսուհետեւ կվճարեն 35 եվրո։

   Խոսելով Հայաստանի արտաքին և ներքին սպառնալիքների մասին Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ամենամեծ սպառնալիքը, իհարկե, Ղարաբաղյան չլուծված հակամարտությունն է, ազգային անվտանգության թիվ 1 խնդիրը՝ զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացումը. «Ժողովրդական հայտնի առած կա՝ խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի: Սա նշանակում է, որ մեր բանակը, զինված ուժերը պետք է մշտապես արդիականացվեն եւ կատարելագործվեն, եւ այս ուղղությամբ զգալի աշխատանք կատարվում է։ Նախանցած տարի ընդունվեց շատ կարեւոր փաստաթուղթ՝ սպառազինությունների եւ ռազմական տեխնիկայի մատակարարման եւ արդիականացման պետական ծրագիրը։ Այդ ծրագրի շրջանակներում երկիր ներկրվող սպառազինությունը եւ ռազմական տեխնիկան հնարավորություն են տալիս դիմակայել արտաքին մարտահրավերներին>>։

  ՀայաստանՀԱՊԿ, Հայաստան-ՆԱՏՕ

Արթուր Բաղդասարյանը անդրադարձավ ՀԱՊԿ-ի հետ ՀՀ համագործակցությանը, հատկապես ՀՀ-ում տեղի ունեցած <<Փոխգործակցություն—2012>> համատեղ զորավարժությանը, որին մասնակցեցին ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ 2.000 զինծառայողներ, ռազմական տեխնիկայի կողքին կիրառվեցին նաեւ հայկական արտադրության անօդաչու սարքեր։ «Մենք անցած տարի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ ստորագրել ենք ՀՀ-ՀԱՊԿ համագործակցության 2013 թվականի ծրագիրը, որով նախատեսվում է մոտ 20 միջոցառումների իրականացում տարբեր ուղղություններով, ինչպես նաեւ մասնակցություն ՀԱՊԿ կանոնադրական մարմինների աշխատանքներին։ Հունվարի 28-30-ը Երեւանում տեղի կունենան քննարկումներ ռազմատեխնիկական համագործակցության առնչությամբ։ Սպասվում է ՀԱՊԿ ներկայացուցչական պատվիրակության ժամանումը Հայաստան։ Այդ եռօրյա հանդիպումների ընթացքում ակնկալում ենք որոշումներ, որոնք առավել կխորացնեն համագործակցությունը>>։ 2013 թվականին ՀԱՊԿ շրջանակներում Երեւանում կտեղակայվի նաեւ «Կանալ Կավկազե հակաթմրանյութային խոշոր օպերացիա, որտեղ Հայաստանը կունենա կարեւորագույն դերակատարում։

Ա. Բաղդասարյանը խոսեց նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունից։ Հատկապես խորացել է համագործակցությունն արտակարգ իրավիճակների ոլորտում։ Հայաստանում գործում է ժամանակակից ճգնաժամային կառավարման կենտրոն, <<911>> ծառայությունը։ <<Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ծրագրով սահմանված միջոցառումները նույնպես իրականացվում են արդյունավետ>>,–վստահեցրեց ԱԱԽ քարտուղարը։

ՀայաստանՌուսաստան

Որպես համագործակցության մեկ օրինակ Ա. Բաղդասարյանը նշեց Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԽ-ների համագործակցությունը։ Ստորագրված տարեկան ծրագրի շրջանակներում 2013-ին սպասվում է Հայաստանում ստեղծել ՀԱՊԿ ակադեմիան, որը կզբաղվի ռազմական անվտանգության ոլորտում կադրերի պատրաստման եւ վերապատրաստման խնդիրներով։ Բացի այդ, ՀՀ-ում բացվեց «Ռոսգրանիցաե գործակալության ներկայացուցչությունը, որի նշանակությունը շատ կարեւոր է, եւ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծելու համատեղ աշխատանքային խումբ, որը կներկայացնի համաձայնեցված մոտեցումներ հայ-թուրքական եւ հայ-իրանական պետական սահմանի ողջ երկայնքով արդիականացման հետ կապված ռուսական ռեսուրսների ներգրավման եւ համատեղ ջանքերի միջոցով։

Ռուսաստանի հետ համագործակցության խորացման շրջանակներում Հայաստանում արտակարգ իրավիճակների ոլորտում նաեւ կստեղծվի հայ-ռուսական հումանիտար կենտրոն, որի նշանակությունը չափազանց կարեւոր է, որը կլինի խոշորագույն տարածաշրջանային կենտրոն եւ հնարավորություն կտա ԱԻ ոլորտում երկրի ներսում եւ սահմաններից դուրս իրականացնել գործունեություն։ «Մենք կխորացնենք ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցությունը մեր ռուս գործընկերների հետ եւ ուղիղ կապեր կհաստատենք ՌԴ ռազմաարդյունաբերական ոլորտը ներկայացնող ձեռնարկությունների հետ>>,-ասաց ԱԱԽ քարտուղարը։ ՀՀ անվտանգության ապահովման տեսանկյունից համագործակցության այլ ուղղություններ էլ կլինեն։

Արթուր Բաղդասարյանն անդրադարձավ նաեւ հանրությանը հուզող խնդրի, ինչպիսին է Եվրասիական միությանն անդամակցելու հնարավորությունը։ Նրա խոսքով, անհրաժեշտ է շարունակել համագործակցությունը տարբեր աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների հետ՝ չփնտրելով հակադրություններ։

   <<Մեկը մյուսին հակադրելը տեղին չէ։ Մենք փոքր երկիր ենք եւ պետք է կարողանանք ճիշտ հարաբերություններ կառուցել աշխարհաքաղաքական բոլոր կենտրոնների հետ։ Օրինակ, ԱՄՆ-ի, որ կարեւորագույն գերտերություն է աշխարհում, Չինաստանի, որ, ամերիկյան պաշտոնական տվյալների համաձայն՝ 30 տարի հետո ունենալու է աշխարհի թիվ 1 տնտեսությունը՝ մրցակցությունից դուրս տնտեսությունը>>,- գտնում է ԱԱԽ քարտուղարը։

   Եվ Հայաստանը, ըստ Արթուր Բաղդասարյանի, հաջողությամբ առաջ է տանում այդ ուղեգիծը. <<Եվրամիության հետ ունենք ճանապարհային քարտեզ, եւ 2013թ. 164 գործողություն պետք է իրականացնենք տարբեր ոլորտներում. մարդու իրավունքներից մինչեւ սոցիալ-տնտեսական բարեփոխումներ>>:

   Մյուս կողմից, <<Հայաստանը եւ Ռուսաստանը ռազմավարական դաշնակիցներ են, 2011թ. նախագահ Մեդվեդեւի այցի ժամանակ ստորագրվեց փաստաթուղթ, որով ոչ միայն երկարաձգվեց ռուսական ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում, այլեւ թղթի վրա հստակ գրվեց, որ ՌԴ-ն ՀՀ զինված ուժերի հետ միասին ստանձնում է մեր սահմանների պաշտպանությունը եւ անվտանգության ապահովումը։ Այսինքն՝ Ռուսաստանը եղել եւ մնում է Հայաստանի հիմնական ռազմաքաղաքական գործընկերը>>։

   Աշխարհաքաղաքական կենտրոնների միջեւ հավասարակշռությունը պահպանելու համար պարզապես պետք է ազնիվ եւ շիտակ լինել գործընկերների հետ։

   <<Այդ հարցը մեզ տալիս են նաեւ մեր գործընկերները, եւ մեր շիտակ պատասխանը նրանց համար ընկալելի ու հասկանալի է։ Կողմերի հետ մեր համագործակցությունն ուղղված չէ ո՛չ իրար, ո՛չ էլ 3-րդ կողմի դեմ: Եթե Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն խնդիրներ ունեն, մենք հո չե՞նք մտնելու ռուս-ամերիկյան հարաբերությունների մեջ. մենք արդյունավետ համագործակցում ենք ե՛ւ Ռուսաստանի հետ, որպես ռազմավարական գործընկեր, ե՛ւ Միացյալ Նահանգների հետ, եւ պետք է շարունակենք բալանսավորված համագործակցությունը. սա՛ է մեր մոտեցումը>>,-փաստում է Արթուր Բաղդասարյանը։

Բացի ընդհանուր համագործակցությունից, ԱԽ-ն էլ, որպես մարմին, ընդլայնել է միջազգային համագործակցությունը արտերկրի անվտանգության ոլորտի մարմինների եւ համակարգերի հետ, եւ դրա արդյունքում կապեր են հաստատվել աշխարհի 20-ից ավելի երկրների անվտանգության խորհուրդների եւ նրանց աշխատակազմերի հետ։ ԱԱԽ քարտուղարի պաշտոնական այցերի շրջանակներում ձեռք են բերվել կոնկրետ պայմանավորվածություններ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ՌԴ, Բելառուսի, Չինաստանի համապատասխան գործընկեր-կառույցների հետ։ Ալժիրի Հանրապետության նախագահի անվտանգության հարցերով հատուկ խորհրդականի Հայաստան կատարած այցի արդյունքներով պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության ծավալման, մասնագիտական փորձի փոխանակման, կադրերի վերապատրաստման, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում համագործակցության վերաբերյալ։

Իսկ ահա հայրենիքին մատուցած ծառայությունների համար նախագահի կողմից առաջին կարգի մեդալի արժանանալու փաստը, այն էլ ամանորի նախօրեին, Արթուր Բաղդասարյանի համար անակնկալ էր՝ <<հաճելի անակնկալ. շատ բարձր պարգեւ էր։ Վաղուց այդպիսի լավ անակնկալ չէր եղել>>։