HomeMap EnglishRussian
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
Արթուր Բաղդասարյանն ու Նիկոլայ Բորդյուժան ստորագրեցին Հայաստանում ՀԱՊԿ ակադեմիա հիմնադրելու մասին հուշագիր29.01.2013  

Հունվարի 28-ին` Հայոց բանակի հիմնադրման տարեդարձի օրը, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հրավերով Երեւան էր ժամանել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մոտ 40 հոգուց կազմված ներկայացուցչական պատվիրակությունը՝ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի գլխավորությամբ։


Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ քարտուղարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Ռազմատնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի եւ դրան կից Գործարար խորհրդի անդամներ եւ ռազմական արդյունաբերության ոլորտում մասնագիտացած ռուսական ձեռնարկությունների ղեկավարներ։

   Այսօր, ռազմատնտեսական համագործակցության միջգերատեսչական հանձնաժողովի եւ դրան առընթեր Գործարար խորհրդի համատեղ նիստի ավարտին, կողմերը ստորագրեցին քննարկումների արդյունքում համաձայնեցված երկու կարեւոր փաստաթուղթ՝ ՀԱՊԿ ակադեմիայի հիմնադրամ ստեղծելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր եւ որոշում համապատասխան հիմնադրամ հիմնադրելու մասին։

   Նիստին անմիջապես հաջորդած մամուլի ասուլիսում ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան տեղեկացրին, որ քննարկումների ընթացքում անդրադարձ է եղել Հայաստան-ՀԱՊԿ համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքին եւ ռազմատնտեսական, ռազմատեխնիկական համագործակցության խնդիրներին։

   «Եկել ենք Երեւան ընդգրկուն ծրագրով։ Ինչպես գիտեք, մենք անցկացնում ենք ռազմատեխնիկական եւ ռազմատնտեսական համագործակցության կատարելագործմանն ուղղված համատեղ միջոցառումների շարք։ Այդ թվում՝ պատրաստվում ենք Հայաստանի տարածքում ստեղծել ռազմական տեխնիկայի վերանորոգման եւ սպասարկման կենտրոններ։

   ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի հետ համատեղ գնահատական տրվեց ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության կազմակերպման ուղղությամբ նախատեսված միջոցառումների կատարման ընթացքին։ Վաղը անցկացնելու ենք ռազմատնտեսական համագործակցության շուրջ խորհրդակցություն։

   Այս ամենը արվում է մի նպատակով՝ «ակտիվացնել ՀԱՊԿ անդամ-երկրների համագործակցությունը եւ ապահովել հայկական ստորաբաժանումների ակտիվ ներգրավվածությունը ազգային անվտանգությանն ուղղված համատեղ գործողություններում»,- ամփոփելով քննարկման արդյունքները արձանագրեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

 Ն.Բորդյուժայի բնորոշմամբ. «Մենք գոհունակությամբ ենք արձանագրում՝ Հայաստանը ՀԱՊԿ ամենաակտիվ անդամներից մեկն է, որը միշտ հանդես է գալիս շատ հետաքրքիր առաջարկություններով եւ ձեռնարկում տարբեր համատեղ ծրագրեր։

   Նպատակը մեկն է՝ որպեսզի Հայաստանի անվտանգությունը լինի ամենաբարձր մակարդակի վրա, եւ ուժային կառույցները հարկ եղած դեպքում կարողանան այդ անվտանգությունը կազմակերպել շատ արդյունավետ»։

   Արթուր Բաղդասարյանը իր խոսքում մասնավորապես նշեց «Իսկապես, բավական ներկայացուցչական պատվիրակություն է ժամանել Հայաստան, եւ մենք արդեն մանրամասնորեն քննարկել ենք ռազմական արդյունաբերության ոլորտում հետագա զարգացումները։ Մեծ թվով ռուսաստանյան ձեռնարկությունների ղեկավարներ այսօր գտնվում են Երեւանում, եւ մենք պայմանավորվեցինք խորացնել համագործակցությունն այդ ոլորտում, նախանշեցինք կոնկրետ ծրագրեր կոնկրետ ուղղություններով համատեղ ձեռնարկություններ ստեղծելու վերաբերյալ»։

   Նախկինում համաձայնեցված ծրագրերի մի մասն արդեն իսկ ընթացքի մեջ է։ Խոսքը վերաբերում է մասնավորապես Հայաստանում հայ-ռուսական նոր հումանիտար կենտրոնի ստեղծմանը։ Ոչ պակաս կարեւոր է արտակարգ իրավիճակներին համատեղ դիմակայելու հրամայականը. «Այսօր քննարկել ենք նաեւ աղետների եւ արտակարգ իրավիճակների կանխարգելման առումով տարածաշրջանային խոշոր նշանակություն ունեցող այդ ծրագրի կատարման ընթացքը։

   Երրորդ՝ ավարտվել են հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության մասին նոր պայմանագրի մշակման աշխատանքները։ ՀԱՊԿ պետությունների նախագահների որոշմամբ ստեղծված ՀԱՊԿ զորամիավորումները հնարավորություն կտան մեր զինված ուժերն էլ ավելի մարտունակ դարձնել եւ կատարելագործել դրանց հզորություններըե։

   Հոկտեմբերի 15-ին ստորագրված ժամանակացույցի համաձայն՝ այս տարի Հայաստանում կանցկացվի մոտ երկու տասնյակ համատեղ միջոցառում։ «Բոլոր այդ միջոցառումներն ունեն կոնկրետ կիրառական նշանակություն՝ ամրապնդելու մեր անվտանգությունը, խորացնելու համագործակցությունը մեր ռազմաքաղաքական դաշնակիցների հետ»,- նշեց Ա.Բաղդասարյանը։

 Ըստ Ն.Բորդյուժայի՝ ՀԱՊԿ ռազմական ակադեմիադան կլինի վերլուծական, գիտամեթոդական կենտրոն, որը կզբաղվի նաեւ կադրերի՝ ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցերում մասնագիտացած փորձագետների եւ քաղաքագետների նախապատրաստման խնդիրներով։

   Արթուր Բաղդասարյանի տեղեկացմամբ՝ կառավարությունը արդեն իսկ կայացրել է ՀԱՊԿ ակադեմիայի հիմնադրման վերաբերյալ որոշումը, մնում է կարգավորել զուտ կազմակերպական որոշ խնդիրներ. «Արդեն քարտուղարությունից այցելել են մասնագետներ, որոնց հետ համատեղ աշխատել ենք փաստաթղթերի վրա եւ հույս ունենք, որ այս տարի ակադեմիան արդեն կսկսի գործել։ Դրա նշանակությունը իսկապես շատ կարեւոր է. խոսքը վերաբերում է ոչ միայն ՀԱՊԿ երկրներին, որոնք այստեղ կունենան ռազմական եւ քաղաքագիտական տեղեկատվական անվտանգության, կադրերի պատրաստման եւ վերլուծական լուրջ կենտրոն, որի «մայրը» գտնվում է Հայաստանում եւ Երեւանում։ Երեք տարի է՝ այդ մասին խոսում ենք, եւ ահա, այսօր ունենք կոնկրետ արդյունք»։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը` Ադրբեջանի օդային տարածքով քաղաքացիական ինքնաթիռներին հարվածելու վերաբերյալ այդ երկրում ընդունած օրենքի վերաբերյալ հնչեցված հարցին ի պատասխան նշեց. «Կարդացել եմ այդ մասին։ Կարող եմ ասել, որ դա կա՛մ ոչ ճիշտ ձեւակերպում է, կա՛մ անհաջող կատակ, որովհետեւ Ադրբեջանը դիտարկում եմ որպես քաղաքակիրթ պետություն, որը հետեւում է համամարդկային նորմերին։ Խիստ կասկածում եմ, որ որեւէ երկրի ղեկավարություն կարող է քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու հրաման տալ, այն էլ մեր ժամանակներում: Ի վերջո, նման բան պատմության մեջ եղել է։ Բոլորս հիշում ենք Հեռավոր Արեւելքում տեղի ունեցած ողբերգությունը, բայց հիշում ենք նաեւ միջազգային հանրության հակազդեցությունը։ Չեմ կարծում, թե որեւէ պետություն իրեն թույլ կտա իսկապես ոչնչացնել քաղաքացիական անձանց տեղափոխող քաղաքացիական ինքնաթիռը, այդ պատճառով լուրջ չեմ ընդունում այդ տեղեկատվությունը»: