HomeMap EnglishRussian
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԶԱՐԳԱՑՆՈՒՄ Է ԻՐ ՊՈՏԵՆՑԻԱԼԸ30.05.2013  

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մայիսի 30-ին ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու ՀԱՊԿ բիշքեկյան ոչ պաշտոնական գագաթաժողովի արդյունքները:


Բիշքեկում տեղի ունեցած քննարկումները եւ ընդունված որոշումները, Արթուր Բաղդասարյանի խոսքով. «Ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ը տեղափոխվում է զարգացման որակապես նոր փուլ, ուժեղացնում իր պոտենցիալը քաղաքական, ռազմական եւ անվտանգության ենթակառուցվածքների կատարելագործման առումով։ Քաղաքական մշտական գործող կոնսուլտացիաների մեխանիզմի ներդրման շնորհիվ ՀԱՊԿ 6 երկրները արտաքին քաղաքականության առանցքային հարցերի շուրջ կարողանում են ձեւավորել միասնական քաղաքական դիրքորոշումներ»։

   Այդ տեսակետից ԱԱԽ քարտուղարը կարեւորում է ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որտեղ եւս մեկ անգամ արձանագրվեց ուժի գործադրման անթույլատրելիությունը, նշվեց, որ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, նաեւ կոչ արվեց արագացնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։

 Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ռազմական բաղադրիչի տեսանկյունից. չափազանց կարեւոր է հատուկ օպերատիվ միջոցառումների համար միացյալ ուժերի եւ միացյալ ավիացիոն ուժերի ստեղծման որոշումը։ Այդ շրջանակում կձեւավորվեն տարածաշրջանային զորամիավորումներ Կովկասյան տարածաշրջանում, Հայաստանում, միջինասիական եւ արեւելաեվրոպական տարածաշրջաններում։

   Տարածաշրջանային այդ զորախմբերը, խաղաղապահ ուժերի, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանումների եւ հատուկ օպերացիաների համար միացյալ եւ կոլեկտիվ ավիացիոն ուժերի հետ մեկտեղ, կարեւոր նշանակություն կունենան մեր երկրի անվտանգության ապահովման համար։ «Հայաստանը լիարժեք ինտեգրված է այս գործընթացներում՝ ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հզորացումը նշանակում է նաեւ մեր երկրի ռազմական անվտանգության ամրապնդում եւ ռազմական ենթակառուցվածքների հզորացում»,- համոզված է Արթուր Բաղդասարյանը։

   Բիշքեկյան քննարկումներն արդյունավետ են եղել նաեւ ԱԱԽ ենթակառուցվածքների ամրապնդմանն ուղղված միջոցառումների տեսակետից։

   Մասնավորապես որոշվել է անվտանգության խորհուրդների քարտուղարներին առընթեր ստեղծել «մի շարք կարեւորագույն մեխանիզմներ, որոնք թույլ կտան էլ ավելի ամրապնդել եւ զարգացնել ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության համակարգերը։ Այդ թվում՝ ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը համակարգող մեխանիզմ, որ հնարավորություն է ընձեռում ՀԱՊԿ երկրների միջեւ ռազմական համագործակցության հարցերը եւ այս ոլորտում առկա խնդիրների լուծումը դնել որակապես նոր հարթության վրա»։

   Սահմանային անվտանգության հարցերը համակարգող կոորդինացիոն մեխանիզմի ներդրման վերաբերյալ որոշումն իր հերթին նախադրյալներ է ստեղծում Կովկասյան տարածաշրջանի, հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանների անվտանգության ամրապնդման համար։

   «Այս ամիս Երեւանում ստորագրված փաստաթուղթը թույլ կտա որակապես նոր մակարդակի բարձրացնել Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա պետական սահմանի անվտանգությունն ապահովող ենթակառուցվածքները։ Կարեւոր որոշում է ընդունվել նաեւ թմրամոլության եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի միացյալ օպերատիվ շտաբի ստեղծման վերաբերյալ՝ նկատի ունենալով, որ մեծացել է Աֆղանստանից ապօրինի թմրանյութերի ներհոսքը, այդ թվում՝ ԱՊՀ երկրներ», - նշեց Ա. Բաղդասարյանը։

   Քանի որ Իրանն այդ առումով ոչ պակաս խնդրահարույց երկիր է համարվում, որոշվել է այս տարի Երեւանում ստեղծել թմրամոլության եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային քարտուղարություն, այդ շրջանակում անցկացնել մեծ միջոցառում՝ «Կանալ-Կավկազ»։

   Բիշքեկում կարեւոր որոշումներ են կայացվել նաեւ ՀԱՊԿ շրջանակներում կիբեռանվտանգության եւ տեղեկատվական անվտանգության համակարգերի կատարելագործման հարցերով զբաղվող միասնական կենտրոնի ստեղծման, ահաբեկչության, ծայրահեղականության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատանքները համակարգող կոորդինացիոն խորհրդի ձեւավորման վերաբերյալ։

   Այս եւ վերոհիշյալ որոշումներից մի քանիսն ընդունվել են հայկական կողմի առաջարկով. Արթուր Բաղդասարյանի խոսքով. «Հայաստանն այսուհետ եւս շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունն ամրապնդելու ուղղությամբ։ Հունիսի վերջին Երեւանում նախատեսված են բարձր մակարդակի խորհրդակցություններ ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների և ՀԱՊԿ քարտուղարության  մասնակցությամբ, որտեղ կհստակեցվեն ընդունված որոշումների իրականացման մեխանիզմները եւ ժամկետները»։

   Ինչո՞ւ նախագահ Սերժ Սարգսյանը չմասնակցեց Բիշքեկի գագաթաժողովին. արդյոք դա դեմարշ չէ՞ր՝ ուղղված մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին։

   «Դեմարշի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ Սերժ Սարգսյանը մասնակցում էր պետական միջոցառումներին, ինչի մասին ՀԱՊԿ քարտուղարությունը ժամանակին ծանուցվել էր, ինչպես ծանուցված էր նաեւ Բելառուսի նախագահի չմասնակցելու մասին։ Այսինքն՝ դա եղավ ոչ պաշտոնական գագաթաժողով միջինասիական երկրների ղեկավարների մասնակցությամբ։ Մի մոռացեք, որ հաջորդ օրը Ղազախստանում մաքսային միության գագաթաժողովն էր։ Այսինքն՝ նախապես պլանավորված միջոցառումներ էին, որոնց մասին Հայաստանը պատշաճ կարգով ծանուցել էր. բոլորը տեղյակ էին, որ ոչ ֆորմալ գագաթաժողովին երկու երկրների ղեկավարները չեն մասնակցելու»,- վստահեցրեց ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը։

   Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններում ի հայտ եկած խնդիրների մասին «լուրերին»՝ նման բան չկա եւ չի կարող լինել. «Հայ-ռուսական հարաբերությունները փայլուն են, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն կա Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ՝ ե՛ւ նախագահների, կառավարությունների, ե՛ւ անվտանգության խորհուրդների, ե՛ւ արտգործնախարարների, ե՛ւ պաշտպանության նախարարների մակարդակով։ Այսօր հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը արդյունավետ զարգանում է»

Իսկ թե ռուսաստանցի հազարավոր վերլուծաբաններից ով ինչպես է վերլուծում կամ մեկնաբանում փաստերը եւ իրողությունները՝ այնքան էլ էական չէ. «Կարեւորը հարաբերությունների պաշտոնական ընթացքն է, համագործակցության օրեցօր զարգացող դինամիկան եւ մեծածավալ երկկողմ ծրագրերը»։

   Գազի սակագնի բարձրացումը որքան անցանկալի, նույնքան տրամաբանական է։ «Շուկայական տնտեսություն է, շուկայական հարաբերություններ։ Ձեւավորված գազի սակագնի առումով Հայաստանը շատ ավելի լավ վիճակում է, քան բազմաթիվ այլ երկրներ։ Մտեք «ՀայՌուսգազարդի» ինտերնետային կայքէջ եւ կտեսնեք, թե ինչ գնային առաջարկներ են արվում այս կամ այն պետությանը։

   Կարծում եմ, գազի սակագնի հետ կապված՝ փոխադարձ աջակցության ինչ-որ մեխանիզմներ դեռ կգտնվեն։ Նաեւ պետությունը համապատասխան քայլեր կձեռնարկի՝ մեղմելու գազի բարձրացող սակագինը, հատկապես անապահով խավերի համար։ Մենք ավելի շատ պետք է մտածենք մեր տնտեսությունն ամրապնդելու եւ զարգացնելու մասին, որպեսզի նման թանկացումներն ազդեցություն չունենան»,- փաստում է Ա.Բաղդասարյանը՝ հիշեցնելով, որ գազի սակագինը Հայաստանում տարիներ շարունակ չի փոխվել, ի տարբերություն շատ երկրների, որտեղ սակագները էապես բարձրացել են։

   Շարունակվող արտագաղթը, իհարկե, մտահոգում է ԱԱԽ քարտուղարին. «Բայց դա նոր երեւույթ չէ։ Ընդհանրապես դեմոգրաֆիական անվտանգությունն ավելի շուտ համալիր խնդիր է։ Արտագաղթը ունի մի քանի պատճառ։ Նախ եւ առաջ դա սոցիալ-տնտեսական վիճակն է, երկրորդ՝ ավելի լավ ապրելու ցանկությունը։

   Տեսեք՝ հարեւան Վրաստանից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ռուսաստանից արտագաղթի ծավալներն ինչպիսին են։ Ռուսաստանը նույնիսկ հատուկ միգրացիոն քաղաքականության մոդել է մշակել հյուսիսային շրջանների վերաբնակեցումը խրախուսելու համար։ Բոլոր երկրներում էլ միգրացիոն շարժեր կան։ Քաղաքացին պետք է լավ ապրի իր երկրում, որ չգնա։ Բայց մարդ կա՝ ոնց էլ ապրի, իր ապագան տեսնում է դրսում»։

  Լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով Ալիեւ կրտսերի սադրիչ հայտարարությանը, թե Հայաստանից ամեն տարի 80 հազար մարդ է հեռանում, եւ այսպես շարունակվելու դեպքում 6-7 տարի հետո Ադրբեջանը բնակչության թվով 10 անգամ կգերազանցի Հայաստանին, Ա.Բաղդասարյանը համոզմունք հայտնեց, որ դա միաժամանակ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին օգտագործման համար նախատեսված քարոզչական հնարքների շարքից է։

   «Այսօր տեսեք, թե ինչ մեծ ադրբեջանական համայնք կա Ռուսաստանում։ Այնպես որ, Հայաստանից արտագաղթի մասին խոսելուց առաջ Ալիեւը չպետք է մոռանա իր երկրից հեռացող ադրբեջանցիների մասին։ Սա քաղաքական, քարոզչական նպատակներով արված հայտարարություն է։ Մի բան պարզ է. եթե խաղաղություն ենք ուզում, պետք է միշտ պատերազմի պատրաստ լինենք, ամրապնդենք մեր անվտանգության եւ ռազմական ենթակառուցվածքները»,- գտնում է ԱԱԽ քարտուղարը։