HomeMap EnglishRussian
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
Ստորագրված 5 համաձայնագրերը ամուր հիմք են ստեղծում հետագա համագործակցության համար25.06.2013  

Այսօր Կառավարության ընդունելությունների տանը ՀՀ եւ ՌԴ անվտանգության խորհուրդների քարտուղարների մասնակցությամբ տեղի ունեցավ ճեպազրույց:


Նիկոլայ Պատրուշևը՝ պատասխանելով լրագրողների հարցերին նշեց. «Հայաստանի ու Ռուսաստանի ռազմավարական հարաբերությունները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, երկու երկրների անվտանգության խորհուրդները շատ ակտիվ համագործակցում են երկու տարին մեկ մշակվող ծրագրերի շրջանակում։  Դրա համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան նորմատիվային, իրավապայմանագրային բազա, ինչով էլ մենք, ըստ էության, զբաղված ենք»:

   Նախօրեին եւ այսօր կողմերի միջեւ անցկացված միջգերատեսչական խորհրդակցությունների արդյունքում ստորագրված պայմանագրերը եւ համաձայնագրերը, Ն.Պատրուշեւի համոզմամբ, նոր մակարդակի վրա են դնում երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունը, ստեղծում բոլոր նախադրյալները Հայաստանի եւ Ռուսաստանի անվտանգությունն ապահովող կառույցների ակտիվ, արդյունավետ եւ համակարգված աշխատանքի համար։

   Ինչ վերաբերում է Ադրբեջանի օրըստօրե «ահագնացող» ռազմատենչ նկրտումների եւ մարտաշունչ հռետորաբանության ֆոնին Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված ռազմական տեխնիկային եւ զենք-զինամթերքին, ՌԴ անվտանգության քարտուղարն այստեղ սարսափելի որեւէ բան չի տեսնում։

   «Ռուսաստանը զենքի առեւտուր անելիս պահպանում է միջազգային բոլոր պահանջներն ու պարտավորությունները, ինչպես նաեւ Ռուսաստանի բոլոր օրենքները: Բացի դրանից, մենք Հայաստանի հետ ունենք ռազմավարական հարաբերություններ։ Այցի ընթացքում եղանք 102-րդ ռազմական բազայում, համոզվեցինք, որ մեր զինվորականները՝ բանակը եւ սահմանապահները, հուսալիորեն ապահովում են Հայաստանի անվտանգությունը։ 
  
Այդ առումով դուք որեւէ անհանգստություն չպետք է ունենաք. Հայաստանում կան բավարար ուժեր եւ միջոցներ սահմանների անվտանգության ապահովման համար: Մենք միասին դա ստուգել ենք»,- ասաց Ն.Պատրուշեւը։ 

  ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը՝ ռուսական պատվիրակության այցը գնահատելով «շատ արդյունավետ» նշեց. «Քննարկումների ընթացքում նախանշեցինք համագործակցության շատ հետաքրքիր ուղղություններ եւ ունենք կոնկրետ արդյունքներ՝ այսօր ստորագրված 5 համաձայնագրերը ամուր հիմք են ստեղծում հետագա համագործակցության համար։ Շատ կարեւոր քննարկումներ ունեցանք ՌԴ ԱԱ խորհրդի հետ, այդ թվում՝ միջազգային գլոբալ խնդիրների վերաբերյալ, նախանշեցինք նոր համատեղ ծրագրեր ռազմական արդյունաբերության ոլորտում։ Կարծում եմ, այս համակարգը հետաքրքիր զարգացումներ կունենա:

Արթուր Բաղդասարյանը մանրամասնեց այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում իրականացվելիք ծրագրերը։ 

   -Մենք սկսում ենք Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա պետական սահմանի արդիականացումը։ ՌԴ նախագահի հրամանով «Ռոսգրանիցա» գործակալությունը կունենա հատուկ ներկայացուցչություն Հայաստանում։ 

   Երկրորդ՝ կստեղծվի նոր ենթակառուցվածք արտակարգ իրավիճակների ոլորտում համագործակցության նպատակով, ինչպես նաեւ հայ-ռուսական հումանիտար կենտրոն, որը կունենա տարածաշրջանային նշանակություն։ Այդ մասին այսօր ստորագրվեց համապատասխան փաստաթուղթ։

   Երրորդ՝ նախատեսում ենք ստեղծել պետական պահուստների համատեղ ենթակառուցվածք, որը չափազանց կարեւոր է մեր երկրի անվտանգության համար։ 
  
Չորրորդ՝ Հայաստանի անվտանգության տեսակետից առանցքային նշանակություն ունի մեր երկրի պաշտպանության նախարարի եւ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության ղեկավարի միջեւ ստորագրված փաստաթուղթը երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցության մասին, որ բոլորովին այլ որակի հնարավորություններ է տալիս մեզ՝ հարաբերվելու Ռուսաստանի հետ։ 
  
Հաջորդը՝ առաջին անգամ համագործակցություն կհաստատենք «Ռոսկոսմոս» խոշորագույն ընկերության հետ։ Հայաստանում արդեն ստեղծվել է «Արմկոսմոս» ընկերությունը. ինչքան էլ առաջին հայացքից կարող է արտառոց թվալ, ունենք շատ լուրջ ծրագրեր տիեզերքի համատեղ օգտագործման հետ կապված, եւ այսօր ստորագրված փաստաթղթում դա արձանագրված է։ 

   Մյուս կարեւոր ուղղությունը Ռուսաստանի սեյսմիկ ծառայության հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագիրն է, որ հնարավորություն կտա արդիականացնել Գառնիի դիտարանը, որը իր հզոր ենթակառուցվածքով ուղղակի ապշեցրեց ռուսական պատվիրակությանը։ Արդեն մի քանի միլիոն եվրոյի աշխատանքներ կատարվել են, բայց որ ավելի կարեւոր է՝ արձանագրվեց, որ այդ համագործակցությունը կլինի երկարաժամկետ՝ ներառելով գիտատեխնիկական պոտենցիալ ունեցող մեր գիտահետազոտական մյուս ինստիտուտների ներուժը։

Պատասխանելով հարցին, թե ռուսական կողմն ի՞նչ ծրագրեր ունի՝ Բյուրականի աստղադիտարանի հետ կապված Արթուր Բաղդասարյանը նշեց. <<Խոսքը վերաբերում է համատեղ ծրագրերի իրականացմանը եւ արդիականացմանը՝ ներգրավելով ռեսուրսներ, որ Հայաստանի բյուջեում չկան։ Սա նշանակում է՝ տիեզերքի համատեղ օգտագործում, համատեղ ուսումնասիրություններ, մասնավորապես տիեզերական անվտանգության խնդիրների վերաբերյալ։ Այսօր տիեզերքում բավականին հետաքրքիր դրսեւորումներ, երեւույթներ են տեղի ունենում, որոնք Ռուսաստանի համար, որպես գերտերություն, շատ հետաքրքիր են, իսկ Բյուրականի պոտենցիալն այդ առումով շատ մեծ է։ 
 
Թե Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մատակարարվող զենքն իրո՞ք չի վտանգում մեր սահմանների անվտանգությունը, ինչպես նշեց Պատրուշեւը, ԱԱԽ քարտուղարը նկատեց. <<Երեկ մենք այցելել ենք 102-րդ ռազմական բազա։ Այն գտնվում է շատ լավ վիճակում, անընդհատ կատարելագործում է ենթակառուցվածքները։ Պետք է հասկանանք, որ Ռուսաստանը, ինչպես ցանկացած այլ երկիր, ունի իր շահերը եւ կարող է զենք վաճառել կամ գնել աշխարհի ցանկացած երկրից։ Մենք պետք է ողջախոհ լինենք եւ ընդունենք մի պարզ ճշմարտություն. կարեւորն այն է, որ հայ-ռուսական ռազմավարական գործակցությունը զարգանում է, այդ թվում՝ ռազմական ենթակառուցվածքների արդիականացման առումով: Մենք փոքր երկիր ենք շատ մեծ ամբիցիաներ ցուցաբերելու համար: Ռուսաստանը մեզ համար երկարաժամկետ, կայուն, հուսալի ռազմավարական դաշնակից է՝ այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Մեր գործընկերները նույնպես հասկանում են, որ չենք կարող աշխարհի այլ ուժային կենտրոնների հետ չունենալ կառուցողական հարաբերություններ: Հայաստանը բալանսավորված քաղաքականություն է վարում բոլոր ուժային կենտրոնների հետ, ունենալով գերակա նպատակ՝ խորացնել ռուս-հայկական գործակցությունը։ 
  
Մեր երկրի թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է, իսկ անվտանգության ապահովման հիմնական երաշխավորներից մեկը, համաձայն դեռեւս երեք տարի առաջ ստորագրված պայմանագրի, որով երկարաձգվեց ռուսական ռազմական բազաների գոյությունը Հայաստանի տարածքում, հայ-ռուսական գործակցությունն է: