HomeMap EnglishRussian
ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
ՈՐՈՇԻՉԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԸ06.09.2013  

Սեպտեմբերի 5-ին Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ տրանսպորտային անվտանգության ռազմավարությունները եւ հավանություն տվել այդ փաստաթղթերին:


Երեկ հրավիրված ասուլիսում ամփոփելով նիստի արդյունքները՝ ԱԱԽ քարտուղար Ա.Բաղդասարյանը մանրամասնեց այդ ոլորտներում իրականացվելիք ռազմավարական ծրագրերի հիմնական ուղղությունները։ Էներգետիկ անվտանգության ոլորտում դա նախ եւ առաջ Մեծամորի ԱԷԿ-ի գործունեության երկարաձգումն է եւ նոր ատոմակայանի կառուցումը, որի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել։

   Տրանսպորտային անվտանգության ռազմավարության առաջնահերթություններից Ա.Բաղդասարյանն առանձնացրեց երկաթուղային տրանսպորտի զարգացումը՝ խոսքը վերաբերում է ոչ միայն աբխազական երկաթգծի հնարավոր վերագործարկմանը, այլեւ Հայաստան-Իրան երկաթգծի շինարարությանը։

   ԱԱԽ-ը բնականաբար անդրադարձել է նաեւ նախագահի մոսկովյան այցի մանրամասներին եւ Հայաստանի Մաքսային միությանը միանալու շուրջ ստորագրված փաստաթղթերին։

   «Մենք ձեռնամուխ ենք լինելու այդ փաստաթղթի իրականացմանը: Իհարկե, դեռ կլինեն համապատասխան միջպետական պայմանագրեր, որոնք օրենքով սահմանված կարգով կքննարկվեն Ազգային ժողովում, բայց քաղաքական որոշումը կայացված է, այն բխում է Հայաստանի շահերից, մեր ազգային անվտանգության գերակայություններից, եւ հնարավորություն է ընձեռում մեզ ոչ միայն տնտեսապես առավել ինտեգրվել Մաքսային միության անդամ երկրներին, այլեւ ավելի սերտացնել գործակցությունը։

   Չմոռանանք մի կարեւոր հանգամանք, որ Մաքսային միության առանցքը կազմում են ՀԱՊԿ երկրները։ Մեր անդամակցությունն այս կառույցին թույլ կտա ե՛ւ տնտեսապես շահել, ե՛ւ էլ ավելի ամրապնդել մեր անվտանգության ենթակառուցվածքները»,- նշեց ԱԱԽ քարտուղարը։

   Այս խնդիրը հատկապես կարեւորվում է՝ նկատի ունենալով, որ այսօր Ադրբեջանը փութաջանորեն սպառազինվում է, նույնիսկ ռազմական արդյունաբերության նախարարություն է ստեղծել մեր նկատմամբ «համոզիչ» առավելության հասնելու համար. «Ո՞ւմ համար պարզ չէ, որ այդ առումով Ռուսաստանը մեզ համար ունի ստրատեգիական նշանակություն՝ այստեղ կա ռուսական ռազմակայան, կա դարավոր պատմություն, իրավապայմանագրային բազա եւ փոխադարձ պարտավորություններ»։

   Մոսկվայում ստորագրված հռչակագրի առանձնահատկություններից մեկն էլ այն է, ըստ Ա.Բաղդասարյանի, որ Ռուսաստանին «պարտավորեցնում» է առավել ակտիվորեն աջակցել մեր տնտեսության զարգացմանն ու դիվերսիֆիկացմանը. «Սա նշանակում է նոր տնտեսական ծրագրեր, նոր ներկայություն Հայաստանում, եւ շուտով դուք կտեսնեք շատ կոնկրետ խոշոր ծրագրեր, որոնց շուրջ ե՛ւ պայմանավորվածություններ կան, ե՛ւ քննարկումներ։ Մասնավորապես հոկտեմբերի 1-3-ը Երեւանում տեղի կունենա ռազմարդյունաբերության հետ կապված հայ-ռուսական հերթական խորհրդակցությունը, եւ կհայտարարվի այս ոլորտում էական առաջընթացի մասին»։

   Տարբեր պաշտոնատար անձանց կողմից, ընդհուպ վարչապետի մակարդակով, բազմիցս ասվել է, որ Հայաստանը չի կարող անդամակցել Մաքսային միությանը, այն պարզ պատճառով, որ ընդհանուր սահման չունի դրա հետ։ Ի՞նչն է փոխվել, որ ընդհանուր սահմանի հարցը այլեւս «օրախնդիր» չէ։

   Այս ընթացքում եղել են բազմաթիվ քննարկումներ, այդ թվում՝ ռուսական կողմի հետ, ուսումնասիրվել է միջազգային փորձը, եւ պարզվել է, որ սահմանների բացակայությունը խոչընդոտ չէ միասնական տնտեսական տարածքի գաղափարը կյանքի կոչելու համար՝ «դա հնարավոր է։ ԵՄ երկրներն էլ են անցել այդ ճանապարհը՝ ոչ բոլորն են ունեցել ուղիղ սահման Եվրամիության հետ։ Օրինակ, Խորվաթիան վերջերս դարձավ ԵՄ անդամ։ Մինչ այդ Սլովենիան, որը ԵՄ անդամ է, մուտք էր գործում ԵՄ տարածք՝ ոչ անդամ երկրի տարածքով»,- արձանագրեց Ա.Բաղդասարյանը։

   Նույն մեխանիզմը՝ «Վրաստանի միջոցով մաքսային միություն» տարբերակով, կարելի է կիրառել Հայաստանի դեպքում։ Համենայն դեպս հայկական կողմը լիահույս է, որ Վրաստանը, որպես հարեւան երկիր, խնդիրներ չի ստեղծի մեզ համար։

      Ա.Բաղդասարյանը մնում է այն կարծիքին, որ Մաքսային միությանն անդամակցելը որեւէ կերպ չի խոչընդոտում Եվրամիության հետ քաղաքական ասոցացման համաձայնագրի նախաստորագրմանը. «ԵՄ հետ մեծ ծավալի աշխատանք է կատարվել, այդ աշխատանքը, ըստ էության, այս շրջափուլում մոտեցել է ավարտին, եւ մենք մոտ ենք Վիլնյուսում այդ փաստաթղթի նախաստորագրմանը»։ Եվ ամենեւին այնպես չէ, թե Մաքսային միություն մտնելու Հայաստանի որոշումն անակնկալ էր եվրոպացի գործընկերների համար, կամ այդ որոշումը «գաղտնի» է ընդունվել.

   «Բազմիցս այդ հարցը քննարկվել է իրավասու պետական պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Անվտանգության խորհրդում, մինչեւ հռչակագրի ստորագրումն աշխատել են աշխատանքային խմբեր, բազմաթիվ համատեղ խորհրդակցություններ են եղել, հազար անգամ ծանրութեթեւ է արվել, մասնագիտական, փորձագիտական վերլուծություններ են կատարվել, արդյունքում ստորագրվել են այդ փաստաթղթերը։

   Հիշեցնեմ, որ Հայաստանը եւ Ռուսաստանը շատ կարեւոր պայմանագիր են ստորագրել ՌԴ նախագահի Հայաստան կատարած այցի ընթացքում (իհարկե՝ այն ժամանակ էլ եղան պարզունակ շահարկումներ), որտեղ կա երեք կարեւորագույն կետ. առաջինը ռազմական բազաների տեղակայման ժամկետի երկարաձգումն է, երկրորդ՝ Ռուսաստանը Հայաստանի հետ միասին ստանձնում է կարեւոր դերակատարում ՀՀ անվտանգության ապահովման հարցում, եւ երրորդ՝ ՌԴ-ն իր սահմանապահ ստորաբաժանումների միջոցով պաշտպանում է Հայաստան-Իրան, Հայաստան-Թուրքիա սահմանները»։

   Լինելով այն փոքրաթիվ պաշտոնյաներից մեկը, որ սկզբից մինչեւ վերջ մասնակցել է ԵՄ հետ ասոցացման գործընթացի բոլոր փուլերին՝ 5 տարի ղեկավարում է Հայաստան-Եվրամիություն պետական հանձնաժողովը, Ա.Բաղդասարյանը փաստում է. «Քաղաքական ասոցացման համաձայնագիրը, դրա իրականացման ժամանակացույցը համաձայնեցվում է յուրաքանչյուր երկրի հետ։ Այսինքն՝ Եվրամիությունը եւ Հայաստանն են որոշում՝ ինչպիսի համաձայնագիր ստորագրել։ Համաձայնագրի հետ կապված աշխատանքները 95 տոկոսով ավարտված են, պարզ է՝ ինչ է տալու դա Հայաստանին։

   Դրան զուգընթաց, շատ սերտորեն աշխատել ենք եվրասիական հանձնաժողովի հետ, ամիսներ շարունակ կոնսուլտացիաներ են եղել ռուսական կողմի եւ Մաքսային միության հետ։ Այսինքն՝ այդ գործընթացները գուգահեռ են տարվել»։

   Այլ բան է, որ մեկի մասին պարբերաբար տեղեկատվություն է հաղորդվել, մյուսի մասին ավելի քիչ է խոսվել։ Ընդսմին՝ եվրոպացի գործընկերները պատշաճ ծանուցվել են եվրասիական ուղղությամբ ընթացող քննարկումներին։ Սա է նաեւ պատճառը, որ սկզբնական զգացմունքային արձագանքից հետո ԵՄ պաշտոնյաները, ի վերջո, ավելի հավասարակշիռ կեցվածք որդեգրեցին Հայաստանի դիրքորոշման մեջ տեղի ունեցած «շրջադարձի» նկատմամբ՝ ասելով, որ յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում իր ճանապարհը։

   «Մենք ազնիվ, համարձակ աշխատել ենք Բրյուսելի հետ, ռեֆորմները տարել ենք առաջ, ինչպես կարողացել ենք, եւ այսօր էլ հայտարարում ենք, որ պատրաստ ենք ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, շարունակելու աշխատանքը Եվրոպական միության հետ։ Դա անհրաժեշտ է մեր երկրին։

   Միեւնույն ժամանակ չպետք է մոռանանք, որ այսօր 2,5 մլն հայ է ապրում Ռուսաստանում, եւ նրանց թիվն անընդհատ ավելանում է։ Այդ մարդկանց վիճակը ո՞նց է լինելու։ Խնդիրները պետք է նայել փաթեթի մեջ։ Մեր երկրի շահերից է բխում՝ հզորացնել մեր անվտանգության համակարգը, որտեղ Ռուսաստանն ունի բացառիկ կարեւոր դերակատարություն, զարգացնել, դիվերսիֆիկացնել տնտեսությունը, եւ Մոսկվայում ստորագրված հռչակագրով ՌԴ-ն ստանձնում է այդ պարտավորությունը»,-նշում է ԱԱԽ քարտուղարը։

   Այն, ինչ կարող է տալ մեզ Մաքսային միությունը տնտեսական տարածքում, չի կարող տալ Եվրամիությունը, եւ հակառակը՝ այն, ինչ ուզում ենք ստանալ՝ զարգացնելով մեր հարաբերությունները Եվրոպական միության հետ, խոսքը վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանության, դատական բարեփոխումների, ժողովրդավարական, քաղաքացիական ինստիտուտների կայացման եւ զարգացման հարցերին, չի կարող տալ Մաքսային միությունը: Այսինքն՝ սրանք փոխլրացնող գործընթացներ են եւ չպետք է հակադրվեն մեկը մյուսին։

   Վերջին հաշվով, «մեզ համար որոշիչը պետք է լինեն ազգային, պետական շահերը։ Մենք չենք կարող հարաբերություններ ունենալ Բրյուսելի հետ եւ հարաբերություններ չունենալ Ռուսաստանի հետ՝ փոքր երկիր ենք, բոլորի հետ պետք է բալանսավորված քաղաքականություն իրականացնենք՝ ելնելով մեր շահերից, եւ դա ճիշտ մոտեցում է»,- համոզված է Արթուր Բաղդասարյանը։