HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագրի և ՄԱԿ-ի ՄԱԶԾ (UNDP) ղեկավարներին16.01.2017  




Սույն թվականի հունվարի 16-ին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունում ԱԱԽ քարտուղար Յու. Խաչատուրովն ընդունել է  Միգրացիոն   քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում»  (MIBMA)  ծրագրի և ՄԱԿ-ի ՄԱԶԾ (UNDP)  ղեկավարների, ինչպես նաև փորձագետներին:

Հանդիպման ընթացքում ծրագրի ղեկավար Բորուտ Էրժենը համառոտ ներկայացրել է  ընթացիկ աշխատանքները և  առաքելության  նպատակը:

Նշված ծրագիրը մեկնարկել է 2016թ. հունվարի 1-ից և նախնական  կանխատեսումներով ընթանալու է միչև 2018թ. դեկտեմբեր ամիսը: Ծրագրի որոշ բաղադրիչները՝ կապված սահմանի կառավարման և անվտանգության հետ, իրականացվում են  ՄԱԿ-ի ՄԱԶԾ (UNDP) հետ համատեղ: Բաղադրիչներից մեկը «Մեղրի» ՊՈԱԿ արդիկանացման համար անհրաժեշտ նախագծային-նախահաշվային  փաստաթղթերի  փաթեթի կազմումն է: Այս կապակցությամբ 2016թ. նոյեմբերի 30-ին ԱԱԽ քարտուղարի նախագահությամբ տեղի է ունեցել  աշխատանքային  հանդիպում  շահագրգիռ գերատեսչությունների, ICMPD և UNDP  կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում  սահմանի համալիր կառավարման գնահատման առաքելության ծրագրի շրջանակներում սույն թվականի  հունվարի 17-18-ը վերոնշյալ միջազգային կազմակերպությունների փորձագետները նախատեսում  են անցկացնել հանդիպումներ և հարցազրույցներ սահմանային ծառայությունների համապատասխան ստորաբաժանումների անձնակազմերի հետ:   Ուսումնասիրության նպատակն է՝ գնահատել սահմանների համալիր կառավարման համակարգի ներդրման գործընթացը, կիրառվող գործառնական ընթացակարգերի համապատասխանությունը ՍՀԿ սկզբունքներին,  միջսահմանային համագործակցությանը վերաբերող ազգային և երկկողմ պայմանագրաիրավական հարցերը, այդ թվում՝ ՊՈԱԿ-ների համատեղ օգտագործման մասին հայ-վրացական համաձայնագրի իրականացման և սահմանային ներկայացուցիչների ինստիտուտի ներդրման ընթացքը:

Յու. Խաչատուրովը կարևորել է  սահմանի անվտանգության ամրապնդմանն ուղղված  ԵՄ և ՄԱԶԾ աջակցությունը, որը միտված է  պետական սահմանի անցման կետերում ներդնելու ժամանակակից ընթացակարգեր, այդ թվում՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքը, և դարձնելու սահմանի անցման գործընթացն ավելի   սահուն,  անվտանգ և  հարմարավետ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաքելության ավարտին  ԱԱԽ քարտուղարությանը  ներկայացնել  ուսումնասիրության համառոտ  արդյունքները: