HomeMap EnglishRussian
ԼՈՒՐԵՐ Պաշտոնական լրահոս
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագրի նախագիծը և սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացը:

Առաջին հարցի մասին խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Մինչ այդ, Հանրապետության Նախագահն իր մոտեցումներն ու գնահատականներն է ներկայացրել պաշտպանության նախարարության կողմից մշակված՝ ՀՀ ԶՈւ արդիականացման ծրագրի նախագծի վերաբերյալ, որի մշակման մասին հանձնարարականը Նախագահը տվել էր 2017 թվականի հոկտեմբերի 24-ին: 2018-ի տարեսկզբին Հանրապետության Նախագահի ներկայությամբ ծրագրի նախագիծը մանրամասն քննարկվել է նաև պաշտպանության նախարարությունում:

«Անվտանգության խորհրդի հարգելի՛ անդամներ, ինչպես հիշում եք, անցած տարվա հոկտեմբերի 24-ին հանձնարարել էի պաշտպանության նախարարին, որ կազմեն երկարաժամկետ զարգացման ծրագիր 2018-2024 թվականների համար: Եվ այդ հանձնարարականը պայմանավորված էր հետևյալ հանգամանքով՝ տարածաշրջանում նոր մարտահրավերներ են ձևավորվում, և այդ մարտահրավերներին արձագանքելու լավագույն միջոցը երկարաժամկետ զարգացման ծրագիր ունենալն է: Տեսանք հանրության մեջ հարցեր էին առաջանում, ոմանք ասում էին՝ իսկ ինչո՞ւ մինչև հիմա պաշտպանության նախարարությունը կամ զինված ուժերը չունեին զարգացման ծրագրեր, երկարաժամկետ ծրագրեր: Իհարկե, ունեին, միշտ էլ եղել են ծրագրեր, բայց նախորդ և այս ծրագրի տարբերությունն այն է, որ նախորդ ծրագրերը շատ դեպքերում կարճաժամկետ էին, իսկ այն ծրագրերը, որոնք կոչվում էին երկարաժամկետ, ավելի շատ նման էին ցանկությունների, տեսլականի, գաղափարների: Այս ծրագիրը տարբերվում է մնացած բոլոր ծրագրերից, որոնք կարելի էր կոչել երկարաժամկետ, նրանով, որ սա թիրախավորված ծրագիր է. կա որոշակիություն՝ չափելիություն, կան ժամկետներ, կան հաշվարկված որակական և ֆինանսական ցուցանիշներ: Պաշտպանության նախարարը և գլխավոր շտաբի պետը, իհարկե, մինչ այս ինձ զեկուցել են ծրագրի մասին, այնուհետև ես հնարավորություն եմ ունեցել պաշտպանության նախարարության ղեկավար կազմի հետ քննարկելու այս ծրագիրը: Այսօր, իմ կարծիքով, առկա է ծրագիր, որը լավ մշակված է, թիրախներ կան, կան ցուցանիշներ, և որ ամենակարևորն է՝ կան նաև ֆինանսական հաշվարկներ: Ասածս չի նշանակում, որ հիմա մենք չենք կարող այս ծրագրի մեջ փոփոխություններ մտցնել, իհարկե, կարող ենք, դրա համար էլ ներկայացված է անվտանգության խորհրդի հաստատմանը, այնուհետև արդեն ընթացք կտանք»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Անվտանգության խորհուրդը քննարկման արդյունքում հավանություն է տվել ներկայացված մոտեցումներին և հանձնարարել կառավարությանը՝ սահմանված կարգով ընթացք տալ դրանց ու ներկայացնել Նախագահի հաստատմանը:

Օրակարգի երկրորդ հարցի՝ սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի մասին զեկուցել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

Նախարարի ներկայացմամբ՝ հիշյալ գործընթացով նախատեսված սահմանադրական յոթ օրենքներից հինգն ամբողջովին ընդունված են, մեկն Ազգային ժողովում ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ մեկը կքննարկվի ԱԺ առաջիկա քառօրյա նիստում՝ փետրվարին: Դավիթ Հարությունյանը զեկուցել է, որ նույն գործընթացի շրջանակներում օրենքների 27 փաթեթներ ևս արդեն ընդունված են:

ԱԱԽ անդամներին նախարար Հարությունյանը ներկայացրել է մշակված՝ սահմանադրական մարմինների՝ ներառյալ ԱԺ-ի, դատական իշխանության, կառավարության ձևավորման և օրենսդրական կարգավորման գործընթացները:

Նիստում հավանություն է տրվել սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացից ձեռք բերված արդյունքներին և հանձնարարվել է կառավարությանը՝ սահմանված կարգով շարունակել դրանց իրականացումն ու ապահովել տրամաբանական ավարտին հասցնելու գործընթացը:

31.01.2018          
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ռազմարդյունաբերական համալիրի զարգացման, ինչպես նաև ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրները:

Առաջին հարցը խորհրդի անդամներին զեկուցել է պաշտպանության նախարարի տեղակալ, ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը, իսկ ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում Հայաստանի ձեռնարկած միջոցառումների, հիմնախնդիրների և հետագա անելիքների մասին զեկուցել են Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը և Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը:

ԱԱԽ անդամները հավանություն են տվել ներկայացված «ՌԱՀ-ի զարգացման պետական ծրագրին»: Քննարկման արդյունքում ներկայացված առաջարկությունների հիման վրա կառավարությանը տրվել են մի շարք հանձնարարականներ:

Ահաբեկչության դեմ տարվող պայքարի իրավական ու կառուցակարգային նախադրյալների ամրապնդման հիմնախնդիրների վերաբերյալ ԱԱԾ տնօրենի և Ոստիկանության պետի զեկույցներից հետո Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» նախագծին և հանձնարարել կառավարությանը սահմանված կարգով ընթացք տալու դրան:

Վերոնշյալ հարցի զեկուցման ժամանակ նշվել է, որ դեռևս 2012 թվականին կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույց»-ը կատարելագորման անհրաժեշտություն ունի՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումները, տարածաշրջանում ահաբեկչական սպառնալիքների բարձր մակարդակը, ինչպես նաև ահաբեկչության զարգացման և ձևափոխության միտումները, ինչին և միտված է փաստաթղթի նախագիծը:

Ահաբեկչության դեմ պայքարի առումով Հանրապետության Նախագահը, որպես ամենագործուն միջոցներ, առանձնակի կարևորել է երեք ուղղություն. օպերատիվ հետախուզական աշխատանքների կատարելագործումը, այդ թվում՝ տեխնիկական միջոցների կատարելագործումը, հակազդման ստորաբաժանումների հնարավորությունների բարձրացումը և միջազգային համագործակցության ընդլայնումն ու առաջավոր փորձի փոխանակումը:

15.12.2017          
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

27.09.2017            ավելին >>  
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

30.08.2017            ավելին >>  
Նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է ԱԱԽ նիստ, որի օրակարգի շրջանակներում քննարկվել են ԱԱԽ 2017թ. գործունեության ծրագրից բխող հարցեր: Խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագիծը և երկրում պարենային անվտանգության վիճակի ու դրա հետագա բարելավման հիմնախնդիրները:

Օրակարգի հաջորդ հարցը վերաբերել է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին և հայկական համայնքների վրա դրանց ազդեցությանը: Հարցի վերաբերյալ նիստի մասնակիցներին տեղեկատվություն է ներկայացրել արտաքին գործերի նախարարը:

Խորհրդի անդամները հավանություն են տվել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում բնական պաշարների կառավարման հայեցակարգի նախագծին: Հայեցակարգի մշակումը նպատակաուղղված է օգտակար հանածոների, հողերի, անտառների, ջրային պաշարների օգտագործման և պահպանության, կենսաբազմազանության ապահովման ոլորտի պետական քաղաքականության հայեցակարգային վերանայմանը և ժամանակակից պահանջներին համահունչ գերակայությունների սահմանմանը:

Հայեցակարգը ձևակերպում է ոլորտում իրականացվող գործունեության նպատակները, պետական կարգավորման սկզբունքները և խնդիրները, ինչպես նաև բնական պաշարների կառավարման համակարգի կատարելագործման և արդիականացման ուղղությունները: Փաստաթղթի հիմնական նպատակն է բնական պաշարների կառավարման միասնական համակարգի ձևավորումը և զարգացումը՝ երկրում բնապահպանական անվտանգության մակարդակի բարձրացման, ներկա և ապագա սերունդների կենսական կարիքների բավարարման համար բարենպաստ ու բարեկեցիկ շրջակա միջավայրի, կենսաբանական բազմազանության ու բնական պաշարներով ապահովման ճանապարհով:

Հայեցակարգի քննարկման արդյունքում Հանրապետության Նախագահը հանձնարարել է ԱԱԽ քարտուղարությանը՝ ելնելով ԱԱԽ նիստում հնչեցված առաջարկություններից՝ մեկշաբաթյա ժամկետում լրամշակել հայեցակարգի նախագիծը և սահմանված կարգով ներկայացնել հաստատման:

Օրակարգի հաջորդ հարցի՝ երկրում պարենային անվտանգության վիճակի ու դրա հետագա բարելավման հիմնախնդիրների մասին զեկուցել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Խորհրդի անդամների քննարկմանն են ներկայացվել նաև հիշյալ հարցի համազեկուցողներ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի և արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի զեկույցները:

Քննարկման արդյունքում կառավարությանը հանձնարարվել է ապահովել Հանրապետության Նախագահի կարգադրությամբ հաստատված՝ ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթներից բխող ՀՀ կառավարության 2017-2021թթ. միջոցառումների ծրագրի պատշաճ իրականացումը՝ առանձնակի ուշադրություն դարձնելով պարենային անվտանգության մակարդակի շեշտակի բարձրացման և բնակչությանը ժամանակակից որակի ծառայությունների մատուցման հարցերին: Հանձնարարվել է նաև միջոցներ ձեռնարկել հակակարկտային և բնակլիմայական աղետներից գյուղատնտեսությանը հասցվող վնասների կանխարգելմանն ուղղված արդյունավետ միջոցների ներդրման ուղղությամբ, ինչպես նաև միջազգային փորձը հաշվի առնելով՝ երկամսյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել նվազագույն պարենային զամբյուղի կազմի, կառուցվածքի և էներգետիկ արժեքի որոշման մեթոդաբանության քննարկման և «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նպատակահարմարության վերաբերյալ, միջոցներ ձեռնարկել նաև գյուղատնտեսության բնագավառում ապահովագրական համակարգի ներդրման ծրագրի իրականացման ակտիվացման ուղղությամբ:

Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների և հայկական համայնքների վրա դրանց ազդեցության մասին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի տեղեկատվությունը լսելուց հետո Նախագահն ընդգծել է, որ Հայաստանի համար, անշուշտ, առաջնահերթ մտահոգության պատճառ են հանդիսանում այնտեղ գտնվող հոծ հայկական համայնքները, նրանց մշակութային ու կրթական կենտրոնները, հայ ժողովրդի համար նվիրական նշանակություն ունեցող իր կրոնական ու պատմական ժառանգությունը:

Նախարարի զեկույցից հետո Հանրապետության Նախագահը հանձնարարել է շարունակել միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում մեր հայրենակիցների կենսագործունեության և նրանց անվտանգության ապահովման, սիրիահայ փախստականների կարիքները հոգալու, հայկական կրոնական, պատմամշակութային ժառանգության պահպանության ուղղությամբ։ Հանձնարարվել է նաև շարունակել աշխատանքները գործընկեր երկրների և միջազգային կառույցների հետ սիրիահայերին տրամադրվող օժանդակության շարունակականությունն ապահովելու համար և պատրաստ լինել արձագանքելու հնարավոր ոչ բարենպաստ զարգացումներին՝ զուգահեռաբար ամրապնդելով և խորացնելով Հայաստանի ավանդական հարաբերությունների մակարդակը արաբական երկրների հետ: 

27.06.2017          
Մինսկում կայացել է ՀԱՊԿ ԱԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը

Ս.թ. հունիսի 15-ին ՀՀ Նախագահի աշխատակազմի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավար Արամ Թանանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կայացած ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին, որին մասնակցել են ՀԱՊԿ բոլոր անդամ պետությունների պատվիրակությունները և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը:

Նիստի ընթացքում տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ «Տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում ՀԱՊԿ գործունեության արդյունքների և հեռանկարների մասին» և «Ինքնուրույն հատուկ գործողությունների անցկացման համար ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների կառավարման մարմնի ստեղծման վերաբերյալ առաջարկությունների մասին» հարցերի շուրջ:

Շուրջ 10 հարցից բաղկացած օրակարգի շրջանակներում ստորագրվել են «Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով 2017թ. երկրորդ կիսամյակում և 2018թ. առաջին կիսամյակում ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների խորհրդատվությունների պլանի» և «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների և կազմավորումների պատրաստության 2018թ. պլանի» մասին որոշումները, մի շարք այլ փաստաթղթեր:

ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հաջորդ նիստը որոշվել է անցկացնել 2017թ. նոյեմբերին Մինսկում:

Նիստի անցկացման օրը ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ընդունեց Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

15.06.2017          
Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպումը

07.03.2017            ավելին >>  
Մարտի 6-7-ը կայանալու է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան

03.03.2017            ավելին >>  
Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ընդունել է «Աջակցություն Հայաստանին միգրացիայի և սահմանների կառավարման ոլորտներում» (MIBMA) ծրագրի և ՄԱԿ-ի ՄԱԶԾ (UNDP) ղեկավարներին



16.01.2017            ավելին >>  

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23 24 25 26 27 28 29 30 31 32 33 34 35 36 37 38 39 40 41 42 43 44 45 46 47 48 49 50 51 52 53 54 >>>